Գարգառ

Գարգառ (հին անվանումը` Գյառգյառ, որ նշանակում է հպարտ-հպարտ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։

Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 26 կմ։

Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։

Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։

Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն են, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։

Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով